ԳԼԽԱՎՈՐ

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը հիմնադրվել է 1996 թվականի մայիսի 30-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Սարգիսյանի Հայրապետական կոնդակով։

Կոնդակում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նոր վարչատարածքային բաժանումը, այն է՝ տասնմեկ մարզերի ստեղծումը, հաշվի առնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովվական, կրոնական և համայնքային առաքելությունն առավել զորացնելու և արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հաշվի առնելով պատմական անցյալից ժառանգված որոշ ավանդույթներ՝ խորհրդակցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բնակվող և Հայաստանում ծառայող Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամների հետ՝ սույնով հայտարարում ենք մեր Եկեղեցու թեմական կառուցվածքի հետևյալ բարեփոխումները»։

Այս Հայրապետական կոնդակով ստեղծվեց Արագածոտնի թեմը, որը Հայ Առաքելական Եկեղեցու ևս յոթ թեմերի հետ միասին ստացավ նոր վարչական կարգավիճակ։

Մինչև թեմի ստեղծումը Աշտարակի և Ապարանի շրջանները պատկանում էին Արարատյան Հայրապետական թեմին, իսկ Թալինի և Արագածի շրջանները՝ Շիրակի թեմին։

Այս չորս շրջանները՝ հարակից գյուղերով հանդերձ, միավորվեցին և կազմավորեցին Արագածոտնի թեմը։ Վարչական այս վերակազմավորման արդյունքում Արագածոտնի թեմն ընդգրկեց Արագածոտնի մարզի ամբողջ տարածքը։

Վերոհիշյալ Հայրապետական կոնդակի ավարտին Նորին Սրբությունը գրում է.

«Հայաստանի Հանրապետության առաջընթաց կյանքի մեջ թող մեր ազգային Եկեղեցու՝ որպես քրիստոնեական հավատքի ճշմարիտ արտահայտության, նվիրական ավանդությունները վերածնվեն մեր ժողովրդի առօրյա հասարակական կյանքում։ Այս նախաձեռնությամբ ողջունում ենք ձեզ բոլորիդ և ակնկալում, որ հոգևոր վերածննդի շարժումը կրկին տարածվի մեր հայրենիքում և ողջ հայ ժողովրդի կյանքում։ Թող ամենքդ զորանաք Զորաց Տիրոջով՝ Սուրբ Հոգու շնորհով, և մշտապես օրհնյալ մնաք Մեր կողմից»։

Արագածոտնի թեմի Առաջնորդները

Հետևյալ հոգևորականներն են ծառայել որպես Արագածոտնի թեմի առաջնորդ.

  • Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան — 1996–1999 թթ.
  • Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան — 1999–2002 թթ.
  • Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան — 2002–2003 թթ.
  • Տ. Թորգոմ քահանա Տոնիկյան — 2003–2007 թթ.
  • Տ. Գրիգոր քահանա Խաչատրյան — 2007–2009 թթ.
  • Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան — 2009 թվականից առ այսօր։

Այսօր Արագածոտնի թեմում, առաջնորդ Սրբազան Հոր հետ ծառայում են 21 հոգևորականներ։

Թեմի Առաջնորդանիստը

Արագածոտնի թեմի առաջնորդանիստը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին է, որտեղ ամփոփված է հայոց այբուբենի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը։

Թեմի առաջնորդարանի շենքը գտնվում է Աշտարակ քաղաքում՝ Սուրբ Մարիանե եկեղեցու հարևանությամբ։