«…Ավետարանը բովանդակում է Աստծո խոսքը, որը լույս է և մենք կոչված ենք այդ խոսքը լսելու, կատարելու, մարմին դարձնելու մեր կյանքում և այդ խոսքով ապրելու…». Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Արագածոտնի Թեմում, շուրջ 25 տարի ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս, Կրկնազատկի տոնին, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավորներ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը և Արժանապատիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը Մաշտոցյան Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տեղափոխեցին Շուրիշկանի հրաշագործ, խնդրակատար Ավետարանը ու մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին և խոսքն ուղղելով հավատավոր ժողովրդին, պատգամեց Ավետարանն ընդունել, որպես ոչ միայն Սուրբ Գրքի արժեքավոր ժառանգություն, այլ որպես կենսակերպ՝ իբրև սիրո, հույսի, խաղաղության ու Աստծո ներկայության կենդանի վկայություն մեր կյանքում, հավելելով.« Կրկնազատկի տոնը հիշեցնում է, որ Աստված շարունակում է խոսել և իր պատգամը հավիտենական ճամփորդության մեջ ուղեկից դարձնել մեզ։ Կրկնազատիկը Հարության խորին խորհրդի շարունակությունն է:Այսօր մենք շարունակում ենք ապրել Հարության խորհուրդը, այն հաղթանակը, որը Տերը տարավ մահվան նկատմամբ, մեզ պարգևելով հավիտենական կյանքի հույսն ու հնարավորությունը:
Իսկ այս Ավետարանը բովանդակում է Աստծո խոսքը մեզ համար, որը լույս է և մենք կոչված ենք այդ խոսքը լսելու, կատարելու և մարմին դարձնելու մեր կյանքում։
Մենք ոչ միայն այս կիրակիի խորհրդով կոչված ենք մեր կյանքը վերափոխելու, վերանորոգելու, Հարության հաղթանակով մեր հույսը և սերը ամրապնդելւո, այլ նաև կոչված ենք վկա լինելու․․․»:
Սուրբ Պատարագին ներկա էր նաև արմատներով Շուրիշկանցի, Եկատերինբուրգի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի ատնեապետ՝ Տիար Մասիս Նազարյանը, ով այս տարի ստանձնել էր Շուրիշկանի Ավետարանի կնքահայրությունը։
Հազարավոր հավատացյալներ Հայաստանի տարբեր համայնքներից և Սփյուռքից, ուխտավորաբար այցելել էին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և հաղորդակցվելու ու իրենց բաժին օրհնությունն առնելու Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանից։




















