ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԱՇՏԱՐԱԿԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒ ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԱՇՏԱՐԱԿԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒ ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

2019 թ. մայիս ամիսն էր: Ես այն ժամանակ ծառայում էի Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում: Կեսօրին ինձ մոտեցավ մի տղամարդ ու խնդրեց, որ իր որդու համար աղոթք անեմ: Հարցրի՝ ո՞ւր է որդիդ, ասաց՝ մեքենայի մեջ է, ուզում էի ճշտել՝ տեղո՞ւմ եք, թե՞ ոչ, որպեսզի բերենք: Ասացի՝ բերե՛ք:

Փոքր-ինչ անց հայրը երկու այլ տղամարդկանց հետ բերում էր աթոռի վրա նստած մի երիտասարդի, որը, պարզվեց, չէր կարողանում քայլել:
Հարցիս, թե ինչ է պատահել, հայրը պատմեց, որ 2013 թվականին տղայի մոտ ուժեղ գլխացավեր են սկսում այն աստիճան, որ տղան դադարում է մարդկանց ճանաչել: Տարբեր հիվանդանոցներում անցկացրած բժիշկների հետազոտությունների արդյունքում ոչ մի պատճառ չի հայտնաբերվում:

Մի օր ինչ-որ մեկը հորը խորհուրդ է տալիս տղային տանել եկեղեցի՝ Տեր Բարսեղ քահանայի մոտ՝ աղոթք անելու: Հայրը տղային՝ Էդգարին, տանում է Տեր հոր մոտ, որի աղոթքներից հետո տղայի վիճակը աստիճանաբար կարգավորվում է:
Սակայն մի քանի տարի հետո նորից Էդգարի առողջական վիճակը վատանում է, և նա չի կարողանում կանգնել, առավել ևս՝ քայլել: Երբ փորձում են կրկին տանել տեր Բարսեղի մոտ, իմանում են, որ Տեր հայրը վախճանվել է: Այդ ժամանակ եկեղեցու հավատացյալներից մեկը խորհուրդ է տալիս տանել Աշտարակ՝ Սուրբ Մարիանե եկեղեցի:

Երբ եկեղեցում էի, Էդգարի հայրը մոտեցավ ինձ և խնդրեց աղոթքի միջոցով օգնել տղային: Սուրբ Խորանի առջև՝ Մաշտոց ծիսարանի բժշկության աղոթքը հղեցինք առ Աստված: Տղան մասնակից էր աղոթքին անսահման հավատով և անսպառ հույսով: Աղոթքը վերջացնելուց հետո, ձեռքս մեկնեցի տղային և ասացի, որ կանգնի: Նա նախ կանգնեց, ապա սկսեց դանդաղ ու զգուշությամբ քայլել:

Որքա՜ն մեծ էր ծնողների ու հարազատների երջանկությունը, երբ ականատես եղան իրական հրաշքի, որը կատարվեց աղոթքի զորության և անսասան հավատի շնորհիվ: Եվ իսկապես, կա՞ արդյոք ավելի մեծ հրաշք, քան այն, երբ տղան հարազատների օգնությամբ եկեղեցի մտավ աթոռին գամված, և կես ժամ հետո եկեղեցուց դուրս եկավ քայլելով, իսկ հարազատներից մեկը մեծ ուրախությամբ աթոռը տանում էր նրա ետևից:

Տեր Մկրտիչ քահանա Երանյան
Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ