ՎԱՐԴԵՆԻՍԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ 13-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ 13-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Օգոստոսի 3-ին հանդիսավորությամբ նշվեց Վարդենիս համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 13-րդ տարեդարձը։

Տարիների ընթացքում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ այսօր ևս Սուրբ Նարեկ մատուռից եկեղեցի բերվեց բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը, և հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի՝ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Սուրբ Պատարագը մատուցեց Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր՝ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը։

Եկեղեցու 13-րդ տարեդարձն առանձնակի էր։

Այս տարի «Վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ եկեղեցին զարդարվել էր Քրիստոսի կյանքը պատկերող 11 սրբապատկերներով, որոնց հեղինակը նկարիչ Միքայել Հարությունյանն է։

Կտավներում պատկերված են՝ Ավետումը, Քրիստոսի ծնունդը, մկրտությունը, պայծառակերպությունը, մուտքը Երուսաղեմ, Վերջին ընթրիքը, խաչելությունը, Համբարձումը, հրաշքները։

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ կատարվեց սրբապատկերների օծման արարողություն։

Սրբազան Հայրը, արարողության ավարտին, իր շնորհակալության խոսքն հայտնեց բարերար ընտանիքին և հավատացյալներին պատգամեց հույսով լցվել ու հավատարիմ մնալ այն արժեքներին և սրբություններին, որոնք փոխանցվել են իրենց։

Սուրբ Պատարագին ներկա էին եկեղեցու բարերարներ Հակոբյան ընտանիքը, «Վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, հոգևորականներ, ինչպես նաև Հայաստանի տարբեր վայրերից ուխտավորաբար Վարդենիս եկած հավատացյալներ։

Արարողությունների ավարտին եկեղեցու բակում կազմակերպվել էր հոգևոր-մշակութային միջոցառում։