Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 21-րդ տարեդարձը

Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 21-րդ տարեդարձը

Այսօր Չքնաղ գյուղում նշվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 21-րդ տարեդարձը:

Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ էր բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը և մատուցվեց Սուրբ Պատարագ:

Սուրբ Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը։

Հընթացս Սուրբ Պատարագի հոգևորականը հրավիրեց ներկա հավատացյալներին աղոթելու ապօրինաբար ազատազրկված Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև ապօրինաբար բոլոր ազատազրկվածների համար։

Տեր հայրը Պատարագի ընթացքում ներկաներին ուղղված իր քարոզում կարևորելով եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, նշեց. «Եկեղեցին իր վրա է առել բազում փորձություններ, ինչպես որ առնում է այսօր, բայց միևնույն է կանգուն է և ամուր, որովհետև Նա մայր է, և շարունակում է մայրական օրհնությունները տալ բոլոր նրանց, ովքեր հարգանք և խոնարհում կունենան գնալ, երկրպագել և համբուրել այդ մոր ձեռքերը։

Մենք այն ազգն ենք, որին Աստված սիրեց առատապես, չնայած պատմության մեջ բազում անգամներ ապերախտ ենք գտնվել, ինչպես այսօր էլ, բայց միևնույն է Աստված սիրում է հայ ժողովրդին։ Եկեղեցին միշտ մնում է կանգուն, միշտ կմնա կանգուն ու իր մայրական օրհնանքները կտա բոլոր նրանց, ովքեր կսիրեն, կհարգեն, կպատվեն, կվերականգնեն Աստծո տները․․․ Աստված մեր երկրում իր ձեռքով կառուցեց եկղեցին և ասաց, որ ես այստեղ ու այս ժողովրդի հետ եմ ուզում ապրել։ Ուրեմն տեր կանգնենք ու պահենք այն ամենը, որը Աստված իր ձեռքով ստեղծեց և մեզ պարգևեց , այն ժամանակ կլինենք երանելիներ»:

Տեր Հայրը նաև իր երախտիքի խոսքն հայտնեցին բարերարներին՝ եկեղեցու հանդեպ իրենց մշտամնա սիրո և հոգածու վերաբերմունքի համար:

Սուրբ Պատարագին ներկա էր Ապարանի հովվության հոգևոր սպասավոր՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Սարգսյանը, եկեղեցու բարերարներ, ուխտավոր հայորդիներ: