
Հայր Ոսկան աբեղա Ոսկանյանի քարոզը խոսված Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, նախքան բուն քարոզիս անդրադառնալը, ցանկանում եմ որդիական խոնարհությամբ իմ երախտագիտությունը բերել Արագածոտնի թեմի բարեխնամառաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանին՝ Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցում պատարագելու պատիվն ընծայելու համար: Անսահման զգացված եմ քահանայից դասի, նաև ձեր աղոթական ներկայության համար, սիրելի՛ հավատավոր և ուխտապահ ժողովուրդ, որ ամեն տարի այս տոնական օրը Հայաստանյայց Եկեղեցու տարբեր թեմերից ու համայնքներից գալիս եք աղոթասփյուռ այս տաճարը՝ վերանորոգելու համար ձեր ուխտը: Թող ձեր ամենքի նվիրական աղոթքները ընդունելի լինեն Տիրոջ կողմից։
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն:
«Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրեք նրանցից, որ մարմինն են սպանում և դրանից հետո ավելի բան անել չեն կարող»: (Ղուկ. 12:4)
Սիրելիներ, այսօր Առաքելական մեր Մայր եկեղեցին տոնակատարում Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակությունը: Պատմությունը, թերևս, շատերիդ է հայտնի, թե ինչպես Դիոկղետիանոս կայսեր օրոք քրիստոնյաների դեմ մոլեգնող հալածանքների ժամանակ, Սբ. Գևորգն արհամարհելով մահվան սպառնալիքը, ընդդիմացավ կայսեր հրամանին և ի տես ամենքի, խիզախորեն ցույց տվեց առ Աստված ունեցած իր հավատը: Նրան ենթարկեցին բազում չարչարանքների, սակայն հավիտյան Քրիստոսի զինվորն աներեր մնաց իր հավատքի մեջ: Ի վերջո սուրբը գլխատվելով զինվորների կողմից՝ ընդունեց նահատակության պսակը:
Քրիստոնեական մտածողության ընկալումներից հեռու մարդկանց համար հաճախ անհեթեթ կարող է թվալ այն, թե ինչպե՞ս կարող են քրիստոնյաները չարչարանքը, նահատակությունը տոնել։ Չէ՞ որ մարդն իր ողջ կյանքի ընթացքում ձգտում է երջանկության, ուրախության և մխիթարության։ Ինչու՞ ենք մեզ չարչարում կամ ինչու՞ ենք հատկապես չարչարանքը տոնում։ Ծննդյան, պսակադրության, տարատեսակ ուրախությունների փոխարեն ինչու՞ ենք մենք առանձնաբար կամ առավելաբար չարչարանքը, առավել ևս նահատակությունը տոնի վերածում:
Երանելի Պողոս առաքյալն իր նամակներում բազմիցս անդրադառնում է իր կրած նեղություններին, որոնք շատերի կողմից ընկալվում էին որպես չարչարանք և մահվանը հավասար իրողություններ։ Բնական և օրինաչափ պայմաններում, ոչ ոք չի ցանկանա կամավորաբար չարչարվել, որովհետև մարդիկ միշտ նախընտրում են իրենց համար ավելի դյուրինը, հաճելին և ուրախացնողը, մինչդեռ Սբ. Գևորգը, որն իր սխրանքների գնով հասել էր հազարապետի պաշտոնի, տալիս է մեզ բազում այլ սուրբերի կողմից ևս հավաստված այն օրինակը, համաձայն որի` ավելի լավ է Քրիստոսով մեռնելը, քան՝ առանց Քրիստոսի ապրելը։ Ինչպես որ Սաղմոսերգուն է հռչակում. «Քո ողորմությունն ինձ համար ավելի լավ է, քան՝ իմ կյանքը» (62:4)։
Հետևաբար, մենք ոչ թե հավասարության, այլ առավելության նշան ենք դնում Քրիստոսով հարաբերության մեջ։ Մենք մեր սիրելիներին կարող ենք շատ ու շատ արժեքավոր նվերներ տալ, բայց թերևս ամենանվիրականը, ամենաանգինը մարդկային կյանքն է։ «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր եղբայրների համար» (Հովհ.15։13), իրավացի կերպով վկայում է Սբ. Հովհաննես Ավետարանիչը։
Սբ. Գևորգ զորավարի օրինակով մենք տեսնում ենք, որ գոյություն ունի մեկ բան, որի համար արժե, որ մարդ տա իր կյանքը… դա առավե՛լ ևս կյանքն է։ Ինչպես ինքը` Քրիստոս է ասում. «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք և առավել ևս ունենաք»: (Հովհ. 10:10)։ Այդ «առավել ևս»-ի համար այս կյանքը մարդիկ հաճախ պատրաստ են եղել զոհել, որովհետև հասկացել են առավել կյանքի արժեքն ու առավելությունը։
Մենք այսօր մեր քայլերն ազատորեն ուղղում ենք դեպի եկեղեցի՝ առանց բանտարկության կամ մահվան սպառնալիքի, ի տարբերություն նրանց, որոնք նահատակվեցին հանուն Քրիստոսի։ Մեր օրերում, որպես կանոն, ուղիղ իմաստով, ոչ մի վտանգ կամ հալածանք չի սպառնում քրիստոնյա լինելու համար, սակայն մեզ շարունակ պակասում է քրիստոնեական նախանձնախնդրությունը ջատագովելու և հետևելու նահատակ սրբերի օրինակին: Մեզանից շատերը, թերևս փափագեին առաջին դարերի քրիստոնյաների ժամանակակիցը լինել, սակայն քանի՞սը կփափագեին հանուն Քրիստոսի չարչարանքներիբենթարկվելով՝ ընդունել նահատակության պսակը, քանի՞սը քաջություն կունենային Նրան խոստովանելու և Քրիստոսի զինվորը դարձած՝ հանգչելու արդարների օթևաններում։
Ս. Գևորգը մարմնական տանջանքներն անտեսեց իր հոգեփրկության և առավել ևս կյանք ունենալու համար: Նա չուրացավ Քրիստոսին, երկնքի արքայությունը չփոխանակեց մարմնավոր, մարդկանցից մատուցվող փառքի հետ: Մենք էլ շատ դեպքերում ընտրության առջև ենք կանգնած: Սբ. Գևորգն իր օրինակով մեզ ցույց է տալիս, որ Քրիստոսին խաչակից լինելը ոչ թե դառնացնում է մեր կյանքը, այլ ընդհակառակը` մեր կյանքի դառնություններն է քաղցրացնում, ո՛չ թե ընթանում ենք դեպի անտանելին ու անտեսանելին, այլ՝ առաջնորդվում ենք դեպի փորձությունների հաղթահարքւմը, անանցն ու հավիտենականը: Ահա այստեղ է քաջ նահատակների սխրանքի բանալին: Որովհետև հենց նեղություններին դիմանալն ու հաղթահարելն է մեզ դարձնում Քրիստոսի զինվորը, հոգևոր պայքարի մեջ է, որ մենք Քրիստոսի զորակցությունն ենք վայելում առ ի հաստատումն, որ մենք սիրում ենք Տիրոջը:
Սիրելիներ, տեղին է հիշել, որ ուղիղ մեկ տարի առաջ, դարձյալ այս տոնին Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվեց Սրբալույս Մյուռոնը՝ անվանվելով Հույսի և Վերհառնումի Մյուռոն: Եվ ինչպես հայրապետն իր խոսքում ասաց. «Մյուռոնը դարձել է հայության երակներում հոսող արյուն, որ հոգևոր ներուժով զորացնում է ազգին արիությամբ դիմագրավելու փորձությունները, ինչպես և մերօրյա մարտահրավերները՝ ըստ մեր հայրերի աղոթական հորդորի. «Մյուռոնով օծյալը երկյուղած է միայն ու միայն Աստծուց, և անվախ՝թշնամիներից»:
Խորհրդանշական զուգադիպությամբ, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախյան 44-օրյա պատերազմի 5-րդ տարին, որի ընթացքում բազում խիզախ հայորդիներ իրենց ամենաթանկը՝ կյա՛նքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն իրենց սրբությունների և հանուն իրենց հարազատների: Անմնացորդ նվիրյալներ, որոնք իրենց քաջությանը թուլակամություն բացարձակ չխառնեցին: Եվ իսկապես, որ պատերազմել հանուն քրիստոնեական հավատքի և ինքնության, նշանակում է հավատարիմ մնալ և հետևել Քրիստոսի հարության ու անմահության ուղերձին։
Սիրելի՛ ուխտավորներ, թող ձեր սրտերն այսօր քաջալերվեն ու չընկրկեն փորձությունների և մարտահրավերների առաջ, այլ ինչպես որ Սբ. Գևորգն իր մարտիրոսական կյանքի մեջ չուրացավ Քրիստոսին, այդպես էլ Դուք, Ձեր կյանքում ու Ձեր կյանքով, Ձեր արդար ու ազնիվ աղոթքներին ընդառաջ՝ Քրիստոսին հավատարիմ ու հաստատ մնաք։
Ամենաբավական մաղթանքս է, որ այսօր էլ մենք, իբրև հարության որդիներ, վերագտնենք մեր իսկատիպ քրիստոնեական նկարագիրը, վերակենդանացնենք հարուցյալ ազգի կերպարը, աստվածահաճո ու հայրենաշեն դրոշմով, կյանքով և գործունեությամբ շարունակելով ենագործել մեր սրբազան բնօրրանում՝ ի սեր և ի փառս մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, որին փառք, հավիտյանս, Ամեն։