Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանի քարոզը՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանի քարոզը՝ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում

«Զի սպասաւորք էք նորա թագաւորութեանն, եւ ոʹչ դատիք ուղղութեամբ, եւ ոʹչ պահեցէք զաւրենս նորա, եւ ոʹչ գնացէք ըստ կամացն Աստուծոյ»

« Դուք Նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ դատ չեք վարում,չեք պահում Նրա օրենքները և չեք հետևում Աստծու կամքին»:

Իմաստություն Սողոմոնի 6։5

Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

Այսօր մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում և հիշատակում է Քրիստոսին առաջինը դավանող և նախավկա Աբգար թագավորի տոնը։ Սուրբի վարքն ու Տեր Հիսուսին դառնալու պատմությունը մեր Սուրբ եկեղեցին, որպես սրբազան ավանդություն խնամքով փոխանցել է մեզ։

Աշխարհի հաւատացեալ թագաւորներից առաջինը՝ աստուածասէր եւ մեծահաւատ մեր Աբգար թագաւորը պարթեւեան արշակունիների տոհմից էր, Տիգրանի որդի Արշամի որդին եւ ամբողջ Հայոց աշխարհի՝ Մեծ եւ Փոքր Հայքի թագաւորը: Նա բարեկարգեց Ուռհայի Եդեսիա քաղաքը եւ իր արքունի Աթոռը հաստատեց այնտեղ, որի համար նա կոչուեց Միջագետքի արքայ եւ անխտիր բոլորի՝ հայերի ու ասորիների թագաւոր:

Նրա թագաւորութեան երկրորդ տարում ծնուեց մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս Աստուածորդին, թագաւորների Թագաւորը, տէրերի Տէրը, եւ ըստ մարմնի Դաւթի աթոռի Ժառանգորդը: Արդարեւ, Աբգարի համար մեծ առաւելութիւն էր լինել Քրիստոսի ժամանակակիցը եւ թագաւորակիցը, բայց առաւել մեծ էր, որ արժանի եղաւ թագաւորելու երկար՝ մինչեւ Քրիստոսի կատարեալ հասակ առնելը եւ որ լսեց Նրա քարոզչութեան մասին ու հաւատաց նրան:

Այսօրվա Սուրբ Գրային ընթերցումներից Սողոմոնի իմաստության գրքի վերը նշված խոսքերը մեզ մտորելու ու խորհրդածելու առիթ են տալիս։ Այս խոսքերը Սուրբ Հոգով ներշնչված հեղինակը ուղղել է հին աշխարհի տիրակալներին ու դատավորներին։ Բայց դրանք նաև հուժկու կերպով արձագանքում են մեր սրտերում ու ժամանակակից կյանքում։Այս խոսքերը մեզ հիշեցնում են Աստծո առաջ ունեցած մեծագույն պարտավորության մասին, ով արքաների արքան է և դատավորների դատավորը։

Սիրելի հավատացյալներ միասին խորհրդածենք այս խոսքերի շուրջ  ու քայլ առ քայլ փորձենք դրանք կիրառել մեր ժամանակներում։

Սողոմոնի իմաստության գիրքը, որ գրված է հելլենիստական ժամանակաշրջանում, հեղինակն իր խոսքը ուղղում է երկրային տիրակալներին՝ արքաներին, իշխաններին և դատավորներին։ նրանք անվանվում են Աստծո թագավորության սպասավորներ, որովհետև նրանց իշխանության աղբյուրը ՝ինքը Աստված է։ Նրանք ոչ միայն իշխանություն ունեն, այլև Աստծո արքայության ներկայացուցիչներն են երկրի վրա, որոնք պարտավոր են արտահայտել Ամենակալ Աստծո արդարությունը, իմաստությունն ու գթասրտությունը։

Սակայն այս խոսքերի միջոցով Տերը մերկացնում է նրանց ընթացքը՝ արդար չէին դատում, օրենքները չէին պահում և Աստծո կամքով չէին շարժվում։ Ինչքան նմանություն կա մեր այսօրվա իրականության հետ։Եռռակի մեղադրանք , որ հնչում է Սուրբ գրքում։ Սա ոչ միայն ուղղակի մեղադրանք է,  այլ զգուշացում՝ աստվածային վերահաս դատաստանի։Տերը նայում է ոչ թե մարդկային տիտղոսներին ու պաշտոններին, այլ սրտի գործերի։

 Արքաները ,ովքեր իշխանություն են  ստացել Աստծուց և չեն պահում նրա կամքը,դառնալի վախճան կունենան , ասում է ամենակարող Տերը։

Սիրելիներ, այս խոսքերը մեզ մտածելու առիթ են տալիս։ Մենք բոլորս էլ Աստծո թագավորության սպասավորներ ենք։ Մկրտության սուրբ խորհրդով, մենք մուտք ենք գործել Սուրբ եկեղեցու մեծ ընտանիք, որը Քրիստոսի մարմինն է։ Մեզանից յուրաքանչյուրը՝ լինի իշխանավոր, հոգևորական , ուսուցիչ կամ հասասրակ քրիստոնյա , պատասխանատվություն է կրում մեզ վստահված առաքելության համար։ Արդարությունն Աստծո ստորոգելիներից մեկն է, ինչպես որ Սաղմոսների գրքում էլ ասվում է․« Քո աթոռը հաստատված է արդարության և իրավունքի վրա» (Սաղմ․ 88։15)։

Դատել արդար նշանակում է խտրություն չդնել մարդկամնց մեջ, չտրվել մամոնային ու նյութապաշտությանը, չառաջնորդվել սեփական եսասիրական համոզմունքներով։ Դրա համար է Տերը ասում․ «Արդար դատ կանեք» (Երկրդ․ Օրինաց 16։20)։

Այս կոչը վերաբերվում է նաև մեր ժամանակներին։ Արդյո՞ք իշխանավորը արդարությամբ է շարժվում, արդյո՞ք այսօր աչառություն չի դրվում և չի անիրավվում արդարի իրավունքը։ Արդարությունը դա երևակայական կատեգորիա չէ, այլ ամենօրյա ընտրություն՝ ապրելու Աստծո ճշմարտությամբ։

Օրենքները, որոնք ոչ միայն մարդկային համկարգված որոշումներ են , այլ առաջին հերթին աստվածային պատվիրաններ՝ մարդուն ուղղորդելու համար։ Մեզ՝ քրիստոնյաներիս համար առաջնորդող օրենքը Սուրբ Ավետարանն է, Քրիստոսի պատվիրանը ՝ սիրել Աստծուն ու մերձավորին։ Արդյո՞ք մենք պահում են դա, թե՞ վերցնում Աստծո օրենքից միայն մեզ հարմարը՝ արհամարելով այն պատվիրանները, որոնք մերկացնում են մեր եսասիրությունը, ագահությունը, անտարբերությունն ու անգթությունը։

Աստծո կամքին համեմատ չապրելը քրիստոնեական կյանքի, ապրելակերպի ,գործելու խեղաթյուրման գագաթնակետն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․« Թող լինի Քո կամքը երկրի վրա , ինչպես որ երկնքում է»։ Աստծո կամքին համեմատ գործել, նշանակում է ապրել խոնարհ, փնտրել աղոթքի միջոցով Տիրոջ առաջնորդությունը։Եթե մարդու գործողությունները, անկախ իր ով լինելուց, չեն համապատասխանում Աստծո կամքին, ուրեմն մարդկային եսը դառնում է բռնակալ ,իսկ նրա ընթացքը՝ հակառակ Քրիստոսի սիրո ոգուն։Հետևաբար սուրբ Գրքից բերված Սողոմոն իմաստունի խոսքերը ցույց են տալիս մի պարզ ճշմարտություն։ Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք։ Այս ամենի անտեսմանը հետևելու է դատաստանը․ « Ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը»(եբրայց․ 10։3) ասված է եբրայեցիներին ուղղված թղթում։

Սիրելիներ , այս ամեն ասվածը ոչ թե դատապարտության ,այլ արթնության համար է ասված։ Մեր ժամանակներում , երբ աշխարհը լի է անարդարությամբ, ընտրովի արդարադատությամբ ու դատարաններով, Աստվածային խոսքի մերժմամբ ու հավատարմության ուրացմամբ, այս ամենով հանդերձ Տերը մեզ կանչում է ապաշխարության և փոփոխության։

Սիրելի հավատացյալներ այսօրվա հիշատակվող մեր սրբադասված արքան՝ Աբգար թագավորը, իրական սպասավորն էր Աստծո թագավորության, օրինակ մեզ համար, թե ինչպես սիրել Քրիստոսին ու անվերապահ հավատալ Նրան։ Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախությունն ունեալ ու քայլել մեր Տիրոջ ՝ Հիսուս Քրիստոսի հետևից , ում վայելում են փառքն , իշխանությունն ու պատիվը, հավիտյանս հավիտենից։

 Ամեն